Հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը` ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա կարևորել է արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը: «Կարծում եմ, որ արդեն հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։
Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ։ Ակնկալում եմ, որ ԱԳՆ-ն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա նշել է` արտաքին գործերի նախարարությունը կուտակել է անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և ամենակարևորը՝ գործիքակազմ ներկայացնելու իսկապես բովանդակային և սկզբունքային առաջարկություններ։ «Դուք դիվանագետներ եք և շատ հստակ պատկերացնում եք, որ այդպիսի հիմնարար և երկարաժամկետ փաստաթուղթ ունենալու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և հատկապես այդպիսի փաստաթղթի ստեղծման ժամանակ անհրաժեշտություն է հստակությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Նա անդրադարձել է և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին` նշելով, որ պատշաճ անցկացումը պատասխանատուներից յուրաքանչյուրի պատվի հարցն է: Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ի ղեկավար կազմի ուշադրությունն է հրավիրել 2018-ի կարևոր իրադարձությունների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ՀՀ-ի և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների, Երևանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների և Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումի վրա՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ արժանապատվորեն նշել:
Հանդիպման ավարտին նախագահը նշել է, որ գուցե իր խոսքը խիստ էր, սակայն նպատակը բնավ արտգործնախարարության աշխատանքը թերագնահատելը չէր՝ քննադատությունը միտված է աշխատանքը բարելավելուն, ավելի արդյունավետ դարձնելուն, որի պտուղները պետք է վայելեն բոլորը և հատկապես՝ գալիք սերունդները: «ՈՒզում եմ, վստահ լինեք, որ ձեր գործը, իրոք, գնահատված է: Միայն այն հանգամանքը, որ մենք բոլորս ձեզ համարում ենք մեր երկրի անվտանգության առաջնագծի մարտիկներ գոնե քաղաքական առումով, զինվորներ ու սպաներ, ես կարծում եմ, որ դա ամենամեծ գնահատականն է: Եվ քանի որ, իրոք, համոզված եմ, որ դիվանագետն իրեն պետք է համարի այդպիսին, ուրեմն, ակնկալիքներն էլ մեծ են, եթե կարելի է այստեղ այս արտահայտությունն օգտագործել՝ առավելապաշտական են ակնկալիքները: Եվ ուզում եմ, որ դուք, գիտակցելով խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդեք ձեր աշխատանքին»,- ասել է նախագահը։